ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Իշխանությունն ամենամեծ գայթակղությունն է. այն գողանում է մարդու էությունը

Իշխանությունն ամենամեծ գայթակղությունն է. այն գողանում է մարդու էությունը
23.10.2025 | 15:10

Այն, ինչ այսօր տեսնում ենք՝ իշխանության կեղծ փայլի, բարոյականության քայքայման և ճշմարտության խեղման այս շրջանը, հիշեցնում է Օսկար Ուայլդի՝ «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը։ Այնտեղ էլ, ինչպես մեր օրերում, մարդը կարողանում էր պահել իր արտաքին տեսքը, բայց ներսից նրա հոգին փտում էր, իսկ խղճի դիմանկարը՝ այլանդակվում։ Իսկ հիմա` նույն կերպ, իշխանությունը մարդու համար դառնում է այն նույն դիմանկարը, ինչ Դորիան Գրեյի համար էր՝ նրա հոգու հայելին։ Սկզբում նա նայում է այդ դիմանկարին՝ հիանալով սեփական փրկչական կերպարով։ Ժողովուրդը նրան տեսնում է որպես գեղեցկության, խոստման և արդարության մարմնացում։ Բայց օրերի, ամիսների ընթացքում դիմանկարը սկսում է փոխվել ` ոչ թե հանրային պատկերը, այլ ներսի ախտն է խորանում։ Նա շարունակում է ժպտալ էկրաններից, խոսել բարեկեցության, խաղաղության և առաջընթացի մասին, բայց ներսում նրա դիմանկարը շուռ է գալիս հակառակ կողմը։ Ժողովուրդը տեսնում է երիտասարդ, արդար, լուսավոր դեմք, բայց նեքուստ նա արդեն ունի այլանդակված հոգի։

«Մարդը կարող է դիմանալ ամեն ինչի՝ բացի գայթակղությունից»։

Այս միտքը Ուայլդը գրել էր ոչ միայն սիրո մասին, այլ նաև՝ իշխանության: Իշխանությունն ամենամեծ գայթակղությունն է: Այն գողանում է մարդու էությունը, բայց վերադարձնում է՝ իշխանական դիմակ։

Այդ դիմակի տակ ոչ ոք չի նկատում, թե ինչպես է հոգին մթնում, ինչպես է մարդը սկսում հավատալ իր իսկ կեղծ քարոզչությանը։ Նա սկսում է ապրել համընդհանուր խաբկանքի մեջ, որտեղ նույնիսկ սեփական խիղճն է դառնում քարոզչական գործիք։ Եվ որքան ավելի է նա պաշտպանում իր սխալները, այնքան ավելի է ապականվում իր դիմանկարը։

«Մենք բոլորս կրում ենք մեր դիմանկարը ներսում։ Եվ եթե այն երբևէ երևար աշխարհին, շատերս չէինք համարձակվի հայելու մեջ նայել»։ Երբ իշխանությունը փորձում է թաքցնել ճշմարտությունը՝ նա պարզապես ծածկում է այն վարագույրով, ինչպես Դորիան Գրեյը՝ իր նկարը։ Բայց վարագույրները մի օր հետ են քաշվում, և այն, ինչ տարիներ շարունակ պահվել էր ստվերում, հայտնվում է բոլորի աչքի առաջ՝ թալանված պետություն, խեղված բարոյականություն, մոռացված արժանապատվություն։ Երբ դավաճանությունը դառնում է պետական մեխանիզմ, իսկ սուտը՝ նորմ, իշխանությունը, ինչպես Դորիան Գրեյը, փորձում է ոչնչացնել սեփական դիմանկարը՝ մեղավորներ փնտրելով, ընդդիմախոսներին լռեցնելով, ճշմարտությունը վերաշարադրելով։

Բայց երբ նա դանակահարում է այդ դիմանկարը՝ իրականում սպանում է ինքն իրեն։ Եվ վերջում նա մնում է միայնակ՝ դատարկ դահլիճում, որտեղ մարդիկ այլևս չեն հավատում ո՛չ նրա խոսքին, ո՛չ ժպիտին։ Դիմանկարը՝ ժողովրդի հիշողությունը, վերականգնում է իր իսկական տեսքը, իսկ իշխանավորի անունը դառնում է դասագրքային նախազգուշացում՝ գեղեցկության դիմակի տակ թաքնված բարոյական մահվան մասին։

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ